Հայսթարթ կազմակերպությունը վերահաստատում է իր դիրքորոշումը՝ Արցախահայության իրավունքների վերաբերյալ


Հայաստանյան ընդդիմության փողոցային ցույցերի կապակցությամբ, որոնց նպատակն է տապալել վարչապետ Փաշինյանի ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունը, մենք ցանկանում ենք ասել, որ գոյություն ունի երրորդ ճանապարհ, որը հնարավոր և ցանկալի է: Մենք չենք ընդունում սոցիալական ցանցերում այս կամ այն կողմի աջակիցների միջև հնչող այն բռնի արտահայտությունները («դավաճաններ», «կոռումպացվածներ» և այլն), որոնք, ցավոք, ընգծում են Հայաստանի քաղաքացիների մտավոր ինքնավարության հանդեպ վստահության պակասը, վավերացնում են մի համակարգ, որը լոկ բինար ընտրություն է առաջարկում որպես լուծում, և վախով թելադրված այն հրամայականն առաջ քաշում, որը պահանջում է ենթարկվել՝ խուսափելու համար անդունդից կամ անէությունից: Հնազանդությունը քաղաքացիական է միայն որոշակի պայմաններում:


Մեզ, սակայն, թվում է, որ հնարավոր է միաժամանակ պաշտպանել մարդու իրավունքները, բոլոր մարդկային իրավունքները, և հայ ազգի՝ իր հողի վրա խաղաղ ու անվտանգ ապրելու իրավունքները: Այս համատեքստում կարելի է ափսոսանք հայտնել /ցավալի է/, որ նախկին օմբուդսմենի որակի մարդիկ, որոնք, կարծում ենք, այդ համադրության կրողներն են, դեռևս չեն դիտարկվում որպես հնարավոր լուծման տարբերակ, հայ հասարակության ծայրահեղ բևեռացման պայմաններում, մինչ պետությունը ևս մեկ անգամ քայքայվում է՝ տեղը զիջելով մրցակցող ավատատիրությունների:


Հայաստանը կարող է հպարտանալ, որ ավելի ժողորվդավար է, քան իր բոլոր հարևանները, ներառյալ Վրաստանը, որը նույնպես զիջում է Հայաստանին մամուլի ազատության ցուցանիշով՝ ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության վերջին զեկույցի: Հայաստանը, ի տարբերություն իր թուրք հարևանների, հրավիրվել էր 2021 թվականի դեկտեմբերին ԱՄՆ-ում կազմակերպված ժողովրդավարության գագաթաժողովին: Այնուամենայնիվ, կարելի է արդարացիորեն հարց տալ, թե ինչ իրական օգուտներ են քաղում հայերն՝ Արևմուտքի կողմից փակցված այս ժողովրդավարական պիտակից, երբ տեսնում ենք, օրինակ, որ հակառակ նրան, թե ինչ էր ասվել պատերազմից անմիջապես հետո, ի վերջո գրեթե հավասարություն կա այն գումարների միջև, որ Եվրամիությունը ներդնելու է Հայաստանում և Ադրբեջանում առաջիկա տարիներին: Երբ տեսնում ենք, օրինակ, որ չնայած ամերիկյան վարչակազմի կողմից հայոց ցեղասպանության ճանաչմանը, պահպանվում է Ադրբեջանին տրվող հսկայական ռազմական օգնությունը, մինչդեռ Հայաստանին հատկացվող գումարները, բոլոր բնագավառներում, շատ չնչին են թվում: 2022 թ.-ի մայիսի սկզբին Վաշինգտոնում իր հայ պաշտոնակցի ընդունելության ժամանակ պետքարտուղար Բլինքենը ողջունել է Հայաստանին՝ Ղարաբաղի հարցում իր ցուցաբերած «ճկունության» համար: Արևմուտքի էներգետիկ շահերը, առավել ևս՝ ռուսական ածխաջրածիններից հրաժարման պայմաններում, դրդում են այդ երկրներին՝ մեր երկրներին (Ֆրանսիա, ԱՄՆ, ԵՄ), ինչպես նշել էր անձամբ վարչապետ Փաշինյանը՝ պահանջել Հայաստանից, որ վերջինս «իջեցնի» նշաձողը՝ Լեռնային Ղարաբաղի հարցում, այլ կերպ ասած, որ հրաժարվի, կարծես թե, մի բանից, ինչն այնուհանդերձ Փաշինյանի նախընտրական խոստումներից մեկն էր՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:


Հիրավի, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը 2021 թվականի հունիսի խորհրդարանական ընտրություններում թեկնածու Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում ներառված էր հետևյալ կերպ (1). «Մոտակա տարիներին մեր գլխավոր խնդիրը պետք է լինի աղետալի պատերազմի հետևանքների վերացումը, ինչպես նաև Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորումը՝ հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման՝ առանց սահմանափակումների իրականացման վրա, որը բխում է Արցախի ժողովրդի գոյութենական վտանգներին դիմակայելու անհրաժեշտությունից։ Այն փաստը, որ մարդու իրավունքների զանգվածային խախտումների և զանգվածային ոճրագործությունների հետևանքով հայաթափվել են Արցախի բոլոր այն տարածքները, որտեղ հաստատվել է ադրբեջանական վերահսկողություն, մատնանշում է, որ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո»: Արդյո՞ք սա բավարար է՝ այսօր նրա հրաժարականը պահանջելու համար: Արդո՞ք կառավարության լեգիտիմության այս հարցադրումը պետք է ներառել իշխանության որոշակի պահին, երբ միևնույն ժամանակ արձանագրում ենք մեծաթիվ ձերբակալություններ և բռնություններ: Ժողովրդավարական հասարակությունում՝ անկասկած: Նույնիսկ եթե լեգիտիմության հայեցակարգը մնում է դժվար ըմբռնելի, կարելի է ընդգծել, որ ցանկացած քաղաքական իշխանություն հիմնովին հենվում է լեգիտիմության վրա, որը ենթադրում է վստահություն, սկզբնական որոշակի հեղինակություն և հետևողական ու վստահելի բնույթ: Մենք, որ աջակցել էինք նրան 2018 թ.-ի իշխանափոխության ժամանակ, որը նոր հեռանկարներ էր բացում, քանզի քաղաքացիական անհնազանդությունը քաղաքական գործունեության մի ձև է, որը նշանավորում է քաղաքացու կարողությունների գիտակցումը, կոչ ենք անում նրան այսօր՝ հարգել իր նախընտրական խոստումը Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցում: Եվ մենք սա ասում ենք՝ որպես հայ ազգի անդամներ:


Քանզի ակնհայտ է, որ հայերը չեն կարող ապահով լինել Բաքվի ինքնիշխանության ներքո, ինչպիսին էլ լինի ընտրված ձևը (առավել կամ պակաս ինքնավարություն): Նման դեպքերում գոյություն ունի մի հայեցակարգ, որն առնվազն երկու անգամ կիրառվել է Սառը պատերազմի ավարտից ի վեր՝ Կոսովոյի և Արևելյան Թիմորի պարագայում. «Անջատում հանուն փրկության» բանաձևը: Բնակչությունը, որը ցեղասպանության կամ էթնիկ զտման սպառնալիքի տակ է՝ այն պետության կողմից, որի ենթակայության տակ է գտնվում, կարող է օրինաչափորեն պահանջել իր ինքնորոշման իրավունքը՝ որպես ծայրահեղ միջոց՝ հանուն իր գոյատևման և անվտանգության: Եթե երբևէ մի ժողովուրդ գտնվել է նման իրավիճակում, ապա այսօր դա հենց արցախահայությունն է:


Ադրբեջանի կողմից պատերազմի սանձազերծումը չի կարող չեղարկել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, եթե իհարկե միջազգային հանրությունը չի համարում, որ ուժի կիրառումը պետք է խրախուսվի:


Հետևելով Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի վճռին (2), որը հաստատում է Ադրբեջանում հակահայկական ռասիզմի պետական բնույթը, ինչպես նաև Եվրախորհրդարանի 2022 թվականի մարտի 10-ի բանաձևին (3), որն ընդգծում է, որ «տարածաշրջանում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը հանդիսանում է հայատյացության, պատմական ռևիզիոնիզմի և հայերի նկատմամբ ատելության համակարգային, պետական մակարդակով քաղաքականության ավելի լայն օրինաչափության մի մասը», մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը, այդ թվում՝ Հայաստանին, հետևողական լինել և ճանաչել արցախահայության ինքնորոշման իրավունքը: Դա կլիներ նվազագույնը, որ կարելի է անել հայերի համար, ովքեր մեկ ու կես ամիս շարունակ միայնակ մարտնչել են իրենց կողմից չհրահրված պատերազմում, որ իրենց դեմ սանձազերծել էին շատ ավելի հզոր ուժերը՝ համաշխարհային համավարակի և ԱՄՆ նախագահական ընտրությունների համատեքստում: Արդարության ի՞նչ պահանջներ ունենք: Եթե ընդունում ենք, որ օրենքը թելադրում են ոչ թե ամենաուժեղի իրավունքն ու իշխանությունը, այլ ճշմարտությունը, ապա միայն արցախահայության ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը կկարողանա ապագայում պահպանել վերջինիս անվտանգությունը:


Հղումներ

(1) https://www.civilcontract.am/hy/1619349203

(2) https://www.icj-cij.org/public/files/case-related/180/180-20211207-PRE-01-00-EN.pdf

(3) https://www.europarl.europa.eu/news/en/press-room/20220304IPR24806/human-rights-breaches-in-myanmar-mexico-and-nagorno-karabakh

52 vues